Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։Ըստ ավանդության՝ սուրբ Սարգիսը քաջ էր ու ազնիվ, օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նա, ըստ ժողովրդական պատկերացումների, գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սուրբ Սարգիսը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց բուք էր բարձրանում։ Սուրբը ձիով շրջում էր լեռներում և օգնում կարիքավոր ճանապարհորդներին։ Սակայն սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր։ Նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սուրբ Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։
Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Սուրբ Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետև վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին և մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնվել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում։ Այս դեպքերը հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։
Այսպիսով, Սուրբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ոշիի Սուրբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սուրբ Սարգիսի վկայարան» անվանումը։